Պետությունների ձևավորումով տարբեր երկրներում ստեղծվեցին գրային համակարգեր:
Ինչու՞ էր անհրաժեշտ գիրը
Հնադարյան մարդը մտապահում էր այն, ինչ անհրաժեշտ էր իրեն առօրյա կյանքում: Սակայն վիճակը սկսեց փոխվել, երբ առաջացավ պետությունը: Անհրաժեշտ էր հաշվառել ստացված բերքը, պալատների և տաճարների պահեստներում կուտակվող մթերքի և այլ իրերի քանակը, հարկերը և այլն: Այս ամենը հնարավոր չէր հիշել: Պետությունների ձևավորումով տարբեր երկրներում ստեղծվեցին գրային համակարգեր: Հին Արևելքի շատ ժողովուրդներ ունեին իրենց գիրը: Դրանք միմյանցից տարբերվում էին ոչ միայն արտաքին տեսքով, այլև նշանների իմաստներով:
Եգիպտական գաղափարագիրը
Հույն պատմիչ Հերոդոտոսը Եգիպտոսում տաճարների պատերին տեսել էր բնության տարբեր երևույթներ և առարկաներ պատկերող գրային նշաններ: Քանի որ այդ գրից օգտվում էին տաճարների քրմերը, նա այն անվանեց հիերոգլիֆ, այսինքն՝ «սրբազան գիր»: Եգիպտական գիրը ստեղծվեց Ք.ա. IV հազարամյակի վերջին: Այն բաղկացած էր ավելի քան 700 նշանից: Սկզբում յուրաքանչյուր նշան նշանակում էր որևէ բառ կամ նույնիսկ նախադասություն: Հետագայում նշանները սկսեցին արդեն արտահայտել վանկեր:
Միջագետքյան սեպագիրը
Ք.ա. IV հազարամյակի վերջին շումերները ստեղծեցին գաղափարագիրը: Այն իր տեսքով և բովանդակությամբ նման էր եգիպտական հիերոգլիֆներին: Կավի կամ քարի վրա դժվար էր կլորավուն նշաններ նկարելը: Ուստի ժամանակի ընթացքում գաղափարագիրը պարզեցվեց: Նշանները աստիճանաբար կորցրին իրենց սկզբնական տեսքը: Այդ գիրը գիտնականներն անվանել են սեպագիր: Սեպագիրն ուներ մոտ 600 նշան: Դրանք արտահայտում էին մեկ կամ ավելի բառեր և վանկեր: Սեպագիրը փոխ առան շատ ժողովուրդներ՝ հարմարեցնելով իրենց լեզուներին: Ք.ա. III հազարամյակում Շումերում և Աքքադում մեծ ուշադրություն էին դարձնում երեխաների կրթությանը: Տաճարներին կից գործում էին դպրոցներ, որտեղ երեխաներին սովորեցնում էին գրել, կարդալ, երգել, նվագել: Շրջանավարտը պարտավոր էր տիրապետել այն ժամանակներում հայտնի բոլոր բնական գիտություններին, իմանալ այս կամ այն աշխատանքային գործունեության նրբությունները և կազմակերպել այն: Կարևոր էր անգիր իմանալ բոլոր կրոնական ծեսերը, ինչպես նաև կարողանալ կազմակերպել դրանց անցկացումը:
Գրականություն
Հին Արևելքում բարձր զարգացման հասան հոգևոր մշակույթի բազմաթիվ ուղղություններ: Դրանց շարքում առանձնահատուկ տեղ ունի գեղարվեստական գրականությունը: Գեղարվեստական ստեղծագործություններն առավելապես կրոնական և առասպելական բնույթ ունեին: Դրանք պատմություններ են աստվածների և առասպելական հերոսների մասին, ինչպես նաև աղոթքներ: Օրինակ՝ շումերները պատմություններ էին ստեղծում իրենց աստվածների և նշանավոր արքաների հիշարժան գործերի մասին: Դրանք գրի էին առնվում և կրոնական տոների ժամանակներ կայացվում տաճարում հավաքված մարդկանց: Այդպիսի ստեղծագործություններ կային նաև մյուս ժողովուրդների մոտ:
Ճարտարապետություն և քանդակագործություն
Հին Արևելքի ճարտարապետական կառույցներն աչքի են ընկնում իրենց վիթխարի չափերով: Դրանք ընդգծում էին արքայական իշխանության աստվածային բնույթը և անսասանությունը: Այդպիսի յուրաքանչյուր կառույցի շինարարությունը տևում էր տասնամյակներ և երբեմն ավարտվում հաջորդ արքայի օրոք: Շինությունների ներքին հարդարանքն աչքի էր ընկնում մեծ շքեղությամբ: Տաճարներում տեղադրվում էին աստվածների և մահացած արքաների հոյակերտ արձաններ: Իսկ տաճարների պատերը զարդարվում էին բարձրաքանդակներով և որմնանկարներով: Հին Արևելքի երկրներում առանձնահատուկ նշանակություն ուներ քանդակագործությունը: Պահպանվել են աստվածների, արքաների, զանազան առասպելական էակների հազարավոր մեծ ու փոքր արձաններ: Դրանցով զարդարված էին արքաների և ազնվականների պալատները, ինչպես նաև տաճարները և պաշտամունքի մյուս կենտրոնները: Քարե արձանը զարդարվում էր թանկարժեք քարերով և մետաղներով: Աստծու և արքայի արձանը պետք է այնպիսի տեսք ունենար, որ մեկընդմիշտ տպավորվեր տեսնողի մոտ:
Առաջադրանք 1
>Սովորե՛լ «Գիրը և արվեստը հին Արևելքում» դասը
>Փորձի՛ր գրավոր պատասխանել ինչու՞ էր անհրաժեշտ գիրը։Հնադարյան մարդը մտապահում էր այն, ինչ անհրաժեշտ էր իրեն առօրյա կյանքում: Սակայն վիճակը սկսեց փոխվել, երբ առաջացավ պետությունը: Անհրաժեշտ էր հաշվառել ստացված բերքը, պալատների և տաճարների պահեստներում կուտակվող մթերքի և այլ իրերի քանակը, հարկերը և այլն: Այս ամենը հնարավոր չէր հիշել: Պետությունների ձևավորումով տարբեր երկրներում ստեղծվեցին գրային համակարգեր: Հին Արևելքի շատ ժողովուրդներ ունեին իրենց գիրը: Դրանք միմյանցից տարբերվում էին ոչ միայն արտաքին տեսքով, այլև նշանների իմաստներով:
Դաս 2
Գիտությունը Հին Արևելքում
Հին Առաջավոր Ասիայի երկրներում գիտական իմացությունը սկիզբ առավ և զարգացավ մարդկանց առօրյա աշխատանքային գործունեության պահանջներին համապատասխան:
Գիտական իմացության առաջացման նախադրյալները
Մարդկանց անհրաժեշտ էր հաշվել հողատարածքի մակերեսը, ստացված նյութական բարիքները և այլն: Մետաղներ ձուլելիս, տարբեր համաձուլվածքներ ստանալիս հարկ էր իմանալ դրանց քիմիական հատկությունները: Աստղերի ու մոլորակների դիրքն ու շարժումն իմանալն անհրաժեշտ էր օրացույց կազմելիս:
Մարդիկ գիտակցում էին, որ հիվանդությունները հնարավոր չէ բուժել միայն գուշակների և հեքիմների օգնությամբ: Անհրաժեշտ էր մարդու մարմնի կառուցվածքի իմացություն: Գիր ստեղծելիս անհրաժեշտ էր իմանալ այս կամ այն լեզվի հնչյունական կառուցվածքը: Գրերի շնորհիվ սերունդների կուտակված փորձն ամփոփվում և պահպանվում էր: Այսպես աստիճանաբար առաջացան գիտության տարբեր բնագավառներին վերաբերող գիտելիքներ: Գիտությունը հին ժամանակներում ուներ գործնական նշանակություն: Գիտությամբ զբաղվում էին կրթված քրմերը: Հատկապես մեծ զարգացում ապրեցին բնական գիտությունները: Բնագիտական գիտելիքները մարդկանց անհրաժեշտ էին ամենօրյա կյանքում: Մարդիկ իրենց իմացությունը փոխանցում էին օժտված երեխաներին: Վերջիններս դպրոցներում ուսանում էին ժամանակի բոլոր հայտնի գիտելիքները:
Մաթեմատիկա
Եգիպտոս. ստեղծեցին հաշվելու տասնորդական համակարգը (10, 100, 1000 և այլն), կարողանում էին հաշվել եռանկյան, ուղղանկյան և շրջանի մակերեսը, գիտեին կոտորակը:
Հնդկաստան. հայտնագործեցին զրո թիվը և դրա նշանակությունը մաթեմատիկական հաշվարկներում: Ստեղծեցին այն թվանշանները, որոնք այսօր հայտնի են որպես արաբական թվեր: Դրանցից օգտվում ենք նաև մենք:
Քիմիա
Եգիպտոս. փարավոնների և ազնվականների մարմինը մումիավորելու ընթացքում ստանում էին այնպի սի քիմիական խառնուրդներ, որոնք պահպանում էին մարմինը քայքայումից:
Չինաստան. ստացան վառոդը, որի շնորհիվ հետագայում ստեղծվեց հրանոթը:
Աստղագիտություն
Եգիպտոս. ստեղծեցին 12 ամիսներից և 365 օրից կազմված արևային օրացույց: Ամիսը բաղկացած էր 30 օրից, իսկ տարվա վերջին ամսին գումարում էին ևս 5 օր: Մոլորակները տարբերում էին աստղերից: Կազմեցին աստղային երկնքի քարտեզ:
Միջագետք. ստեղծեցին լուսնային օրացույց՝ կազմված 354 օրից: Կարողանում էին հաշվարկել երկնային լուսատուների շարժումները, Արեգակի և Լուսնի խավարումների ժամանակը:
Հնդկաստան. գիտեին, որ Երկիրը կլոր է և պտտվում է իր առանցքի շուրջը, իսկ Լուսինն իր լույսը ստանում է Արեգակից: Օրացույցը բաղկացած էր 12 ամիսներից, յուրաքանչ յուրը՝ 30 օր տևողությամբ:
Բժշկություն
Եգիպտոս. գիտեին մարդու ներքին օրգանների ճշգրիտ կառուցվածքը և դրանցից յուրաքանչյուրի նշանակությունը մարդու կյանքի համար: Հիվանդին զննելիս առաջին հերթին ստուգում էին նրա զարկերակը: Կատարում էին ներքին օրգանների վիրահատություններ: Կարողանում էին փչացած ատամի փոխարեն նորը տեղադրել: Գոյություն ունեին հիվանդանոցներ, որոնք կոչվում էին «կյանքի տուն»: Այդտեղ աշխատում էին արհեստավարժ բժիշկներ:
Հնդկաստան. կար արհեստավարժ բժիշկների խավ, որոնք հիվանդությունները բուժում էին խոտաբույսերի, քսուքների միջոցով և այլ եղանակներով: Նրանք կարողանում էին բուժել աչքի, սրտի, ստամոքսի, թոքերի և մաշկի հիվանդություններ:
Չինաստան. պարզեցին թեյի բուժիչ հատկությունները, և այն օգտագործում էին ամենատարբեր հիվանդություններ բուժելու նպատակով:
Գիտության այլ բնագավառներ
Հնդկաստան. ստեղծվեց հին հնդկերենի՝ սանսկրիտի քերականությունը:
Չինաստան. ստեղծեցին կողմնացույցը, թուղթը, մետաքսը, հրանոթը:
Հնագույն գիտնականները չկարողացան հաղթահարել կրոնական նախապաշարումները: Նրանց կարծիքով՝ Երկիրը և նրա վրա գտնվող ամեն ինչ ստեղծված էր աստվածների կողմից: Օրինակ՝ երկնային լուսատուների շարժումները կառավարում էին աստվածները: Կամ՝ որքան էլ բժիշկը ձգտի բուժել հիվանդին, ոչինչ չի ստացվի, եթե աստված չկամենա: Ստեղծված գիտական արժեքները դրեցին գիտության հետագա զարգացման հիմքերը: Այդ արժեքների մեծ մասն այսօր շարունակում է գոյատևել:
Առաջադրանք 2
>Սովորե՛լ դաս 2 «Գիտությունը հին Արևելքում»
>Ի՞նչ նոր բան սովորեցիր
Լրացուցիչ աշխատանք՝
Համացանից դուրս գրի՛ր «Գորդյան հանգույց» պատմական թևավոր խոսքը և բացատրի՛ր արտահայտության իմաստը։Դժվար լուծելի՝ շատ կնճռոտ խնդիր՝ գործ՝ դրություն: